Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ չորս օր շարունակ երաժշտասերների դատին հանձնվեցին հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները: Հայ կոմպոզիտորների ժամանակակից երաժշտության փառատոնը մեկնարկեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթով: Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «Մենք» կոնցերտը տրոմբոնի և նվագախմբի համար արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Մենակատարը իսրայելցի Դենիս Վուլն էր: Համերգից հետո ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ պատասխանեց մեր հարցերին:
-Պարոն Ասլանյան, ի՞նչ է պետք, որ հայ ժամանակակից երաժշտությունը հանրահռչակվի արտերկրում: Պետք է խոստովանենք, որ մեր հանրությունը նույնպես ինչպես հարկն է չի ճանաչում իր կողքին ապրող երաժշտին:
-Որպեսզի երաժշտին ճանաչեն, պետք է ջանք թափվի: Բայց, գիտե՞ք ինչ, անցյալ տարվա վերջում հեղափոխություն եղավ, այն իմաստով, որ փոխվեց կոմպոզիտորների միության նախագահը և դրական լիցք, թարմ արյուն հաղորդվեց միությանը, մեկնարկեցին նոր միջոցառումներ: Արդյունքներից մեկն էլ իմ մասնակցությունն է փառատոնին: Ճիշտ է, ես նախկինում էլ եմ մասնակցել, բայց ոչ այսպիսի մեծ կտավով: Ի դեպ, որքան գիտեմ, այսօր դրսից հրատարակիչներ պետք է լինեն:
-Զգացողությունը տարբե՞ր է` դրսո՞ւմ է ներկայացվում Ձեր ստեղծագործությունը, թե՞ հայրենիքում:
-Գիտե՞ք, անհամեստորեն ասեմ, որ իմ գործերը 13 երկրներում ներկայացվել են, բայց հայաստանյան մեկ կատարումը տասն այլ կատարումների հետ չեմ փոխի:
-Իսրայելում կա՞ ժամանակակից կոմպոզիտորներին ներկայացնող նմանատիպ փառատոն:
-Ես պատիվ եմ ունեցել մասնակցելու իսրայելյան երաժշտության փառատոնին, որ տարին մեկ է անցկացվում:
-Որպես իսրայելցի՞ կոմպոզիտոր:
-Այո, ես նաև Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ եմ:
-ՈՒմ երաժշտության մեջ ակնհայտ են հայկական տարրե՞րը:
-Հապա ինչպե՞ս: Հենց դա է, ես առանձնանում եմ բոլորից:
-Ինչպե՞ս են մեկնաբանում իսրայելցի երաժիշտները հայկական երաժշտությունը:
-Ամենամեծ սիրով, որովհետև նմանություն կա հրեական և հայկական լադերի միջև:
-Մեր ժամանակակիցների դասական ստեղծագործություններն ինչո՞ւ հանրությանը ծանոթ ու սիրելի չեն դառնում:
-Մեր դարում պրոպագանդա է պետք, մենեջեր, մեջտեղ հանող պետք է լինի: Տեսեք, շոու-բիզնեսի համար իսկույն գտնվում են մենեջերներ, ներդրումներ են անում, նրանք էլ բեմ են դուրս գալիս, երիտասարդները հավաքվում են:
-Հայ երիտասարդ կոմպոզիտորներից ո՞ւմ կառանձնացնեիք:
-Ժիրայր Շարիմանյանին եմ շատ հավանում, եթե ավելի շատ հայկականություն գումարի այդ ամենին, քան տեխնիկա, մեծ ապագա եմ կանխատեսում նրա համար:
-Մեր կոմպոզիտորներին Իսրայելում ներկայացնել հնարավո՞ր է:
-Ես կարող եմ կազմակերպել շնորհիվ իմ կապերի, բայց ո՞վ պետք է ֆինանսավորի: Ժամանակին արեցի ամեն ինչ, որ հայ կոմպոզիտորները ներկայանան Իսրայելում. այնտեղ սպասում էին, փողային նվագախումբ հրավիրեցին իսրայելյան միջազգային փառատոնին, հրավերն ուղարկվեց Հայաստան, բայց չեկան:
-Ծրագրեր ունե՞ք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
-2015-ի հունվարի 30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի իմ «Սիփանա քաջեր» կոնցերտ պոեմը` նվիրված Ցեղասպանությանը: Գրել եմ 2005-ին` Ֆրանց Վերֆելի և ծնողներիս հիշատակին: Մենակատարը կլինի Իսրայելից:
-Իսկ դրսի հանդիսատեսի համար ի՞նչ եք նախատեսում:
-Այսօր հնչած տրոմբոնի և նվագախմբի համար կոնցերտն արդեն ընդգրկված է Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ տարվա ծրագրում:
-Կապ ունի՞ Ցեղասպանության հետ:
-Այդ գործը կոչվում է «Մենք»: Ազգային տարրեր կան, օգտագործվում են ֆիդայական երգերի, կոմիտասյան «Կռունկի» մոտիվներ, դա հո պատահաբար չե՞մ արել: Այնքան կապ ունի, որ մենք ենք:
Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ